Այն ամենը, ինչ պետք է իմանալ պարտքով գումար տալուց կամ վերցնելուց առաջ



Եթե ցանկանում եք պարտքով գումար տալ կամ վերցնել, ապա պետք է պահպանեք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պայմանները:
Պարտքով գումար տալը կամ վերցնելը օրենսգրքում կարգավորված են «Փոխառություն» գլխի շրջանակներում:
Նախ, օրենսգիրքը պահանջում է, որ փոխառության պայմանագիրը ունենա գրավոր ձև, այսինքն՝ կազմվի մի փաստաթուղթ, որտեղ հստակ սահմանված կլինի գումարը չափը, տոկոսները /եթե առկա են/, վերադարձման ժամկետները և այլն: Միևնույն ժամանակ որպես գրավոր պայմանագրի հավաստում կարելի է ներկայացնել ստացական կամ գումարի/գույքի տալը հավաստող այլ փաստաթուղթ: Իսկ պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը պայմանագիրը դարձնում է առոչինչ՝ դրանով իսկ զրկելով կողմերին հետագայում վիճարկել պայմանագրի այս կամ այն դրույթների կամ պարտավորության կատարումը:
Պայմանագիրը կնքելուց առաջ պետք նաև է պարզել՝ արդյոք գումարը տրվում է տոկոսո՞վ, թե՝ ոչ: Եթե կողմերը որոշում են կնքել տոկոսով փոխառության պայմանագիր, ապա տոկոսների չափը և հաշվարկման կարգը պետք է հստակ սահմանվեն պայմանագրով: Միևնույն ժամանակ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ փոխառության պայմանագրով տոկոսները չեն կարոց գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, այսինքն՝ 24%-ը: Իսկ եթե կողմերը նախատեսեն 24%-ը գերազանցող տոկոսներ (օրինակ՝ 30%) ապա վրա կհասնի քրեական պատասխանատվություն վաշխառության համար:
Հաջորդ կարևոր պայմանը ժամկետներն են: Եթե գումարի վերադարձման ժամկետ կողմերը չեն նախատեսել, ապա գումարը պետք է վերադարձվի գումար տվողի՝ փոխատուի նման պահանջ ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում: Եթե փոխառությունը անտոկոս է, ապա այն հնարավոր է վերադարձնել մինչև սահմանված ժամկետը, սակայն եթե փոխառությունը տոկոսով է, ապա վաղաժամկետ կատարում հնարավոր է միայն փոխատուի համաձայնության դեպքում:
Ընդհանուր կանոնի համաձայն՝ փոխառությունը պետք է վերադարձվի ժամանակին, սակայն հնարավոր են դեպքեր երբ կողմը հրաժարվում է գումարը վերադարձնել կամ չարամտորեն խուսափում է:
Նման խնդիրների դեպքում դիմեք Locus legal consulting։ Մենք կօգնենք ձեզ արդյունավետ կերպով պաշտպանել ձեր խախտված իրավունքներն ու վերադարձնել ձեր գումարը։
Իսկ եթե ցանկանում եք խուսափել նման խնդիրներից, ապա փոխառության պայմանագրի կազմումը վստահեք մեզ։

Comments